11:12 Այսօր առաջին Հանրապետության օրն է | |
Այսօր Առաջին Հանրապետության օրը: 1918-ի այս օրը վերականգնվեց երկար դարեր խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ պայքարում և կասեցվեց նրանց առաջխաղացումը: Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը: «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու». Այս խոսքերով ձևավորվեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Արդեն հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, 11 հազար քմ տարածքի վրա ձևավորվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը: Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում ստեղծեց պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները, ընտրեց խորհրդարան (նախագահ Ավետիք Սահակյան), ձևավորեց կառավարություն (վարչապետ` Հովհաննես Քաջազնունի): 1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր: Այսօր ավանդաբար տոնական միջոցառումներ են տեղի հանրապետության ողջ տարածքով, ինչպես նաև` Արցախում: Նյութի աղբյուրը` http://www.aysor.am/am/news/2013/05/28/sardarapat2/ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |