MENU
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 25 » Իրենց սրբի տեղ դրած` վանքի հավերն են ուտում
13:06
Իրենց սրբի տեղ դրած` վանքի հավերն են ուտում

Իրենց սրբի տեղ դրած` վանքի հավերն են ուտում

Այսօր առավոտյան, օրվա մամուլն աչքի տակով անցկացնելով, երկու հրապարակումներ գրավեցին մեր ուշադրությունը, որ վերաբերում էին նույն ընկերության` նույն մարդկանց` «Իդեալ համակարգ»խանութների ցանցին:

 

«Առավոտը» մի հրապարակում էր լույս ընծայել, որտեղ նշել էր, որ Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղի «Նոր Վարագավանք» վանական համալիրը նորոգվում Է «Իդեալ համակարգ» խանութների ցանցի սեփականատեր Նորայր Խաչատրյանի ֆինանսական օժանդակությամբ: Որոշ տվյալներով՝ այդ նպատակով հատկացվել է շուրջ 1 միլիոն դոլար: Շինարարության պատվիրատուն մշակույթի նախարարությունն Է, վերանորոգման աոաջին փուլի համար արդեն տրամադրվել Է 120 միլիոն դրամ:

 

Չանդրադառնանք հրապարակման այն հատվածին, որ շինարարական աշխատանքները որակով չեն կատարվում եւ այլն: Խոսենք այլ երեւույթի մասին. Առաջին հայացքից` բարեգործություն են կատարում մարդիկ` եկեղեցի են նորոգում, կարեւոր մշակութային կոթող են փրկում: Ասել է թե` մարդիկ Աստծո հետ համերաշխության ուխտ են կապում: Համենայն դեպս այդպես է ընկալվում եկեղեցի կառուցելը կամ նորոգելը հայության մոտ:

 

Բայց հենց այս հրապարակումն ընթերցելուց մի քանի րոպե հետո բացում ենք մեկ այլ` «Հայկական ժամանակ» օրաթերթը, ու կարդում բոլորովին այլ«բարեգործական տրամաբանության» տիրույթում գտնվող երեւույթի մասին. «ՀԺ»-ն այս նույն` «Իդեալ համակարգ» խանութների ցանցի մասին արդեն ողբերգական թեմայով հրապարակում ուներ: Օրաթերթի մեր գործընկերներն էլ տեղեկացոնւմ էին, որ Նախօրեի երեկոյան «Հժ»-ն ահազանգ է ստացել շենքի բնակիչներից մեկից, որ իրենց հարևանուհուն` ինտելիգենտ, նախկինում ուսուցչուհի Ամալյա Նազարեթյանին, բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան:

 

Բանն այն է, գրում է թերթը, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի աոաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարևանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին եւ երկրորդ հարկերի միջեւ: Ամալյա Նազարեթյանը, որպես բնակիչ, դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա եւ խանութի ներկայացուցիչների միջև լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն:

 

«Եվ ահա օրերից մի օր այս հարևանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը՝ ձեռքին մի թուղթ եւ հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարևանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարեւաններից որեւէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ, ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել»,- գրում է «Հայկական ժամանակը»:

 

Ավելի ուշ հարևանները պարզել են, որ նրան տեղափոխել են հոգեբուժարան: Երեկ«Հայկական ժամանակ»-ի թղթակից Գագիկ Աղբալյանն այցելել է նշված շենք, զրուցել եւս չորս հարևանների հետ, ովքեր միաբերան հայտարարել են, որ Նազարեթյանը միանգամայն նորմալ վարք է դրսևորել եւ որեւէ հոգեկան խնդիր չի ունեցել:

 

Եթե այս ամենը ճիշտ է, իսկ մենք չենք ուզում կասկածի տակ առնել մեր գործընկերների աշխատանքը, ուրեմն շատ շուտով տիկին Ամալյան իսկականից հոգեկան հիվանդ կդառնա. Հաստատ: Ինչպես ասում է ժողովուրդը` «տերովին տերը տարավ, անտերին` գելը»: Ուղղակի այս դեպքում «գելը»բավականին «բարեպաշտ» է` եկեղեցի է նորոգում, ընդ որում` այդ եկեղեցու նորոգման համար պատրաստ է վճարել մինչեւ 1 միլիոն ԱՄն դոլար: Բայց մեկ բնակարանի, կամ մեկ մարդու հետ լեզու գտնելու փոխարեն, նրան կարող է ուղարկել հոգեբուժարան, որովհետեւ դիմացինը օլիգարխի կամ չինովնիկի ծանոթ-բարեկամ չէ, այլ միայնակ թոշակառու:

 

Հետաքրքիր է, որ ինչպես «Հայկական ժամանակին» հայտնել է ահազանգած հարեւանուհին, Լազարեթյանին «մեկուսացնելու» գործողությունը տեղի է ունեցել մեկ հոգեբույժի ու չորս ոստիկանի մասնակցությամբ: Այսինքն` «Իդեալ համակարգ»-ի տերերը ամեն ինչ արել են իրավապահների գիտությամբ եւ ավելին` անմիջական մասնակցությամբ: Իսկ ինչո՞ւ, կարծում ենք այն պարզ պատճառով, որ այս խանութների ցանցի հետ կապվում է նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անունը, որպես տերերից մեկը: Կամ էլ չի բացառվում որ տերերից մեկին` տվյալ դեպքում Ներսիկ Նազարյանին, արդեն փոխարինել են մեկ այլ բարձրաստիճան ոստիկանով: Կարճ ասած` հնարավոր է` բիզնեսի վերաբաշխում տեղի ունեցած լինի. Մեզանից հեռու չէ…

 

Ու ստացվում է այնպես, որ եկեղեցի նորոգող` Աստծո հետ ուխտ կապող«բարեպաշտները» կարողանում են օրը ցերեկով նորմալ, ինտելիգենտ, բայց միայնակ ու անտեր թոշակառուին ուղղակի վերցնել ու տեղափոխել հոգեբուժարան: Ի դեպ` մեր գործընկերները փորձել են հոգեբուժարանում տեսակցել Ամալյա Նազարեթյանին, սակայն հոգեբուժարանի աշխատակիցները չեն թույլատրել` պատճառաբանելով, թե նա իրեն շատ ագրեսիվ է պահում եւ կարող է վնասել այցելուներին…

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ



Նյութի աղբյուրը` http://www.yerkir.am/am/news/51039.htm

Դիտումներ: 580 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0