Աշուն է:
Եղանակ` որը կոչված էր անվանվել որպես սիրո եղանակ: Քաղաքը պատված է գույնզգույն տերևներով, որոնք վառ երանգ են հաղորդում, որտեղ տեղում են շատ անձրևներ, որոնք, թե լավ,թե վատ կերպով են անդրադառնում տրամադրության վրա:
Ամեն տարի մեծ սպասումով ու հատուկ երջանկությամբ եմ հիշում աշունը, մտածում նրա գեղեցկությունների մասին: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է. այն ընդհանուր կողմեր ունի իմ ներաշխարհի հետ. թախծոտ հարցական հայացք, հաճախ թաց աչքեր, լռություն, գունագեղ ու բազմապիսի հագուստներ…
Ամեն տեղ ուրիշ է աշունը: Ես սիրում եմ Հայաստանի և հատկապես Ջերմուկի աշունը. ամեն օր արթնանում եմ մի ուրիշ թարմությամբ, աշխատում վայելել յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր տարրի գեղեցկությունը:
Կարևոր է ինձ համար արևածագը. այն ինձ տալիս է ուժ, եռանդ, վառ տրամադրություն և դրական լիցքեր:
Հատկապես շատ եմ սիրում մայրամուտը: Ամեն օր այդ ժամին դուրս գալով տանից` զարմանում եմ, թե ինչպիսի՜ հրաշք է ստեղծել բնությունը: Նայում և չեմ հագենում: Արևը կարմրում է: Նրա ճառագայթները, ընկնելով ամպերի վրա, երկինքը գունավորում են վարդագույն, նարնջագույն, դեղին, երկնագույն, վառ կարմիր և առահասարակ, ծիածանի բոլոր գույներով: Գույները միաձուլված են մեկը մյուսին: Կարմիրը, սկիզբ առնելով արևից, ձուլվելով նարնջագույնին, անցնում է դեղինի, դեղինը` վարդագույնի, իսկ այդ ամբողջ տեսարանը շողշողում է բաց երկնագույնի վրա:
Նաև մի հրաշք տեսարան է մայրամուտը Արփա լճի մոտ, ուր երկինքն ու ծովը միաձուլվում են արևի մայր մտնելուց, լճի փայլփլող ալիքները քչանում են, ասես, արևը մտնում է լճի մեջ եւ կորում սարերի հետեւում:
Աշխատանքից տուն գնալիս սիրում եմ քայլել տերևների միջով: Փորձում եմ յուրաքանչյուր տերևի մեջ տեսնել աշունը, բայց դա հնարավոր չէ, քանի որ աշունը մի տերևի ընկնելով չի գալիս: Տերևները հագնվում են կարծես պարահանդեսի գնալու համոր, հագնում են իրենց ամենաշքեղ հագուստները, քամին զգում է, որ ժամանակն է պարահանդեսի, անընդհատ հիշեցնում է, հանկարծ սկսում է մի տերևաթափ, որ զուգորդվում է անձրևի նվագով. տերևները սկսում են իրենց հերթական պարահանդեսը:
|