MENU
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 20 » «Արմավիա». հերթական խայտառակության մասին մի պատմություն
11:17
«Արմավիա». հերթական խայտառակության մասին մի պատմություն

«Արմավիա». հերթական խայտառակության մասին մի պատմություն

 
«Արմավիա» ընկերության Երևան-Բեյրութ հերթական չվերթը վերածվել է հերթական խայտառակ մի պատմության, որի մեջ այս ընկերությունը պարբերաբար ընկնում է:
Այսպես, արդեն մեկ շաբաթ է, ինչ չի իրականացվում Երևան-Բեյրութ չվերթը, և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում չի էլ իրականացվի: Ճիշտ է, «Արմավիան» ունի իր հերթական բացատրությունը, որ մեղավորը լիբանանյան կողմն է, և անգամ պատրաստվում են դատի տալ Բեյրութի օդակայանին, որ հրաժարվում է ընդունել իրենց թռիչքը, սակայն այս մեկնաբանությունից Լիբանանից Հայաստան մեկնել ցանկացող մարդկանց ոչ վիճակն է բարելավվում, ոչ էլ խնդիրն է լուծվում: 

Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի գիշերը կայանալիք թռիչքը հետաձգվեց, իսկ դրա մասին ուղևորները իմացան միայն «Զվարթնոցում» և Լիբանանի «Ռաֆիկ Հարիրի» օդանավակայաններում: Երկու կողմից թռիչքի համար տոմս էր գնել շուրջ 120 հոգի, որոնց այդ օրը «Արմավիան» անգամ հարկ չհամարեց պատշաճ բացատրություն տալ, թե ինչումն է խնդիրը, էլ չեմ ասում փոխհատուցման մասին: Բեյրութից Հայաստան մեկնել ցանկացող շուրջ երկու տասնյակ ուղևորներ տաս ժամ մնացել են սպասման սրահում, իսկ հեռանալուց հետո էլ «Արմավիայի» ներկայացուցիչները չեն էլ խոսել կեցության որևիցե տեղ տրամադրելու մասին՝ չնայած բոլոր միջազգային օրենքներով պարտավոր էին: Հետաքրքիր է, որ դեպի Բեյրութ թռիչքը «Արմավիայի» բացառիկ մենաշնորհն է, այդ իսկ պատճառով վերջինիս ղեկավարությունը գործում է այնպես, ինչպես ցանկանում է: Մեր տեղեկություններով մի քանի ընկերություններ՝ այդ թվում և լիբանանյան, ժամանակին ցանկացել են նույնպես մտնել այս տիրույթ, սակայն նրանց քաղաքավարի մերժում են տվել: 

Եթե հաշվի առնենք, որ մեր իշխանությունները ամեն քայլափոխին խոսում են Սփյուռքի հետ փայլուն հարաբերությունների, անքակտելի կապերի մասին, ապա «Արմավիայի» այս իրավիճակը վկայում է գործի և խոսքի հերթական ու ակնառու տարբերության մասին:

Ժիրայր Մուրադյան

HayNews.am

Դիտումներ: 596 | Ավելացրեց: JOURNALIST | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0