23:21 Բախտակից ջրվեժներ | |
Քչերը գիտեն, որ Ջերմուկի ջրվեժը Սիսիանի մոտ գտնվող Շաքեի ջրվեժի պես ջրազրկվում է ՀԷԿ-ի կողմից` էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով: Ջերմուկի ջրվեժն իրականում որոտաձայն ու փրփրաբաշ է. համարվելով սահանքային և միաժամանակ թռիչքային տիպի ջրվեժ`որին յուրահատուկ գեղեցկությամբ է օժտում երկու կողմերից դեպի վեր խոյացող ժայռերի խրոխտ կեցվածքն ու ժայռեղեն հնչողությամբ ակուստիկ միջավայրը, իր ուրույն տեղն ունի բնության հուշարձանների շարքում: Դարերի ընթացքում կերտված հրաշալիքը ժամանակին Ջերմուկի հիմնական խորհրդանիշն էր համարվում, սակայն հիդրոէլեկտրոկայանի կառուցումից հետո սակավաջրության պատճառով ջրվեժը կորցրեց իր հետաքրքրությունն ու նախկին նշանակությունը: Աչքը սովոր մարդու համար դժվար է գիտակցել այս ջրվեժի յուրահատկությունը: Համարվելով սահանքային տիպի ջրվեժ, ջրի բնական ծավալի հոսքի դեպքում այն վեր է ածվում եռաթռիչք գեղեցկուհու, իսկ որպես եզակի առանձնահատկություն կարելի է նշել տեսողական խաբկանքի երևույթը, երբ դիտողի մոտ թողնում է այնպիսի տպավորություն, թե վերևից հոսող ջուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ներքև հասնող ջրի չափաքանակը: Իր կառուցվածքի մեջ եզակի ջրվեժի գեղեցկությունն այժմ շատերին հասանելի չէ, քանի որ անհասկանալի տրամաբանությամբ ջրի մեծ մասն հոսում է երկաթե խողովակների միջով` անհամբեր սպասելով ազատության բաղձալի օրվան: Վստահ եմ, որ հեռու չէ այդ օրը, և մենք` ջերմուկցիներս, մոտ ապագայում կարժեւորենք մեզ շրջապատող գեղեցկությունն ու բնության տված հնարավորությունները: Այսպիսով, ջրվեժի ազատագրման պայքարն համարենք սկսված... ՀԵՂԻՆԱԿ` ՎԱԶԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ http://mynews.am/hy/story/3150
Այս հոդվածը մրցույթային կարգով ներկայացված է mynews.am-ում խնդրում եմ կարդալ, թողնել Ձեր մեկնաբանությունը, որը շատ կարևոր է, և տարածել այն Ձեր էջերում և այնտեղ նշված հնարավոր կայքերում: Կանխավ շնորհակալություն | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |