12:36 ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ | |
Մեծ Պահքի 6-րդ կիրակին՝ Գալստյան կիրակին է: Այդ օրը հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում երգվող շարականում հիշվում է, թե ինչպես Հիսուս Քրիստոս իր գալստյան խորհուրդը նախօրոք հայտնեց մարգարեներին, որոնք էլ մարդկությանն ազդարարեցին Փրկչի գալստյան բարի լուրը: Իրապես, Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ որպես մարդկության ծառա ու Փրկիչ: Ադամական մեղքից սայթաքած մարդուն Աստծու Որդու գալստյամբ ընծայվեց կործանումից փրկվելու ուղի: Այս հիշատակումներով այսօր քրիստոնյային առաջարկվում է Մեծ Պահքի շրջանն ավարտել՝ իրեն տրված մեծ պարգեւի մասին մեկ անգամ եւս խորհրդածելով, գիտակցելով իրեն ընծայվածի արժեքը: Եվ քանի որ Աստծու Որդին երկրորդ անգամ էլ աշխարհ պիտի գա՝ մեղավորներին դատելու ու արդարներին երկնային արքայության արժանացնելու, ուրեմն ամեն հավատացյալ պետք է պատրաստ լինի Տիրոջն արժանավորապես դիմավորելու: Գուցե հարց ծագի, թե ե՞րբ է լինելու Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, կամ՝ թե ի՞նչէ նշանակում պատրաստ լինել Տիրոջ գալստյանը: Թեեւ Հիսուս ինքը նկարագրել է երկրորդ գալստյան նախանշանները, եւ այդ ամենը գրված է Ավետարանում, սակայն ոչ մի տեղ եւ ոչ ոք չի արձանագրել կոնկրետ ժամանակ կամ ամսաթիվ՝ թե երբ կկատարվի այդ իրադարձությունը: Հետեւապես, այս առիթով արված կամ արվող ոչ մի ենթադրություն չի կարող ստույգ լինել: Այնպես որ, այժմ ցանկանում եմ ձեզ հետ զրուցել երկրորդ հարցի մասին, որին անդրադառնալը, կարծում եմ, առավել անհրաժեշտ է: Իհարկե, հաճախ խոսում ենք մարդու առաքինասեր վարքի, բարեսիրական արարքների ու ներքին ներդաշնակության մասին: Չէ՞ որ այս ամենով է դրսեւորվում ճշմարիտ կրոնասիրությունը, եւ Մեծ Պահքի շրջանում էլ հենց այս ամենի կարեւորությունն է շեշտվում: Տիրոջ գալստյանը նախապատրաստվելն այլ բան չէ, քան նրա պատգամները կատարելը, այսինքն նրա հանդեպ մեր սերը գործնականում արտահայտելը: Ահա, թե ինչ է ասում Հովհաննեսի ավետարանը. «Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուս իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլպարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը: Ով այս աշխարհի բարիքներիցունենա եւ տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծուսերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ»: Ուրեմն, Աստծու հանդեպ մեր սերը միայն ծիսական արարողություններին մասնակցելով չէ, որ պետք է արտահայտենք, այլեւ Աստծու բոլոր արարածների օգտին կատարվող ծառայություններով: Նրանք կարող են լինել մեր ընկերները, հարազատները, ծնողները, քույրերն ու եղբայրները, նաեւ՝ անծանոթ ծերերն ու մեզանից փոքրերը, անգամ՝ երեխայից առավել անօգնական կենդանիներն ու բույսերը: Մեր աստվածահաճո ծառայություններն, անշուշտ, առավել նպատակային ու ընդունելի կլինեն, եթե զուգակցվեն Աստծուն ուղղված սրտաբուխ խոսքով: Գալստյան կիրակիի մասին զրույցը ուզում եմ ավարտել մեր մեծն հոգեւոր հայր Գր. Նարեկացուսրտաբուխ աղոթքով, ուր Աստծուց աջակցություն ու ողորմածություն է աղերսվում ոչ միայն սեփական անձի, այլեւ նրան վշտացնողի օգտին: Բարձյա՜լ անքնին, զորություն ահեղ, Արարածոց տեր, երկնի թագավոր, Անչար փրկություն եւ խաղաղության շունչ ու աոաջնորդ, … Ի բարին հիշիր մարդկային ազգից Եվ նրանց, որոնք թշնամի են ինձ. Տուր լիակատար քավություն, գթած ու ողորմություն: Մի բարկացիր, Տե՜ր, դու նրանց վրա: … Ներիր դու նրանց հանցանքներն իրենց: Եթե նրանց հետ քեզ ներկայանանք, ո՜վ Արդարադատ, Ոմանք մեր հանդեպ կարող են դուրս գալ պակաս հանցավոր: … Ինձ խայթողներին մի բնաջնջիր, այլ ուղղիր միայն: … Արմատավորիր առաքինությունն իմ ու նրանց մեջ, … Քանի որ դու ես տերն ամենայնի, … Եվ քեզ վայել է փա՜ռք հավիտենից հավիտյանս. Ամեն Տեր Զարեհ վրդ. Կաբաղյան http://vayotsdzoritem.com/2013/03/16/%D5%A3%D5%A1%D5%AC%D5%BD%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB/ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |